Ո՛չ իրար. . .
Ես չեմ հոգնել քեզանից,
Դու ինձանից՝ չգիտեմ. . .
Չեմ էլ խորհել այդ մասին,
Որ պատասխան չգտնեմ:
Թե ի՞նչ եմ զգում, չգիտեմ,
Բայց սեր չկա, երևի. . .
Մի բան փոխվեց ոչնչից,
Ու վերածվեց ոչնչի. . .
Նուրբ մեղեդու կաթիլներ,
Թաց, խելագար մի գիշեր,
Ու շվարած մեր այգին,
Դատարկ մնաց էս գիշեր:
Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց չեր եկել մեր սերը,
Ու մեր այգին դատարկ էր,
Եվ անզոր են հույսերը:
Քանզի իրար գրկելով՝
Նախկիններին էինք հիշել,
Որ թաղել էինք իրար մեջ,
Ու որ ելան էս գիշեր. . .
Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց մտքերով հեռու էինք,
Շվարել էր մեր այգին,
Մենք եկել էինք, բայց ու՞ր էինք. . . .
Комментариев нет:
Отправить комментарий