Ձմրան պարզ գիշեր
Համբույրիդ, գիշեր, պատուհանս բաց է,
Թող որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը` մեղմահոս լույսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Պարզ, լուսածածան, հրաշալի գիշեր,
Հոսե' սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերն մեղրիկ
Պուտ-պուտ կաթեցուր հոգվույս սիրաջեր:
Կուզեմ, որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես ագահ,
Կուզեմ որ մեռնին տիվ ու ժամանակ`
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարճուձևիս մեջ,
Ու մինչ կողողեն զիս ցոլքերդ անշեջ,
Աչքերս ալ մոռնան տակավ այս նատիր:
Ցնորաբեր գիշեր, ահ, ընդունե զիս,
Ընդունե, միստիք ով անդորրություն,
Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
Եվ համբույրն անանց` զոր կու տա հոգիս:
Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
Երեկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի:
Ներս խուժե ուժգին, ներս պատուհանես
Ու լեցուր խցիկս, մինչև կաթոգին
Քու սրբությունով իր խորշերն հորդին,
Եվ ես արթննամ վաղնջուց քունես:
Համբույրիդ, գիշեր, պատուհանս բաց է,
Թող որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը` մեղմահոս լույսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Комментариев нет:
Отправить комментарий